Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Կորուստներ
Հունվար ամսվա 12 կորուստներից 10-ը մարտական են, 2-ը ոչ մարտական։ 10 մարտական կորուստներից 4-ը գրանցվել է Տավուշի մարզում, իսկ 6-ը՝ Պաշտպանության բանակում։
Մարտական կորուստ
-Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
-Հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հայկական դիրքերի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող: «Նրանցից առաջինը զորակոչվել էր Հադրութի, երկրորդը` Մարտունու զինկոմիսարիատներից», — գրել էր Times.am-ը: Պաշտոնական հաստատում նշված զոհերի համար չեղավ։
-Հունվարի 17-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տարվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանի մարմինը: Հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը:
-Հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել էր զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
-Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը։
” Հունվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը: Զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից։ Այս մասին Ռազմինֆոյին ասել էր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
” Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Սկսվել է մարտ, որը տևել է շուրջ կես ժամ։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
Ոչ մարտական կորուստներ
” Հունվարի 29-ին Երևանում տեղակայված զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սպանվածի 4 համածառայակիցներին։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
-Հունվարի 17-ի երեկոյան Քարվաճառի տարածքում ավտովթար է եղել, ինչի հետևանքով մահացել է տեղի զորամասերից մեկի սպա Արթուր Վարդևանյանը։
Վիրավորներ
Հունվարի 1-ից 31-ը պաշտոնապես հայտարարվել է 6 վիրավորի մասին։
-Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս իրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը։
-Հունվարի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:
-Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որի ժամանակ վիրավորվել է 1973թ ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
-Հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Բերդի ուղղությամբ հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ծանր վիրավորվել է Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը։ Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում էին զինծառայողի կյանքը փրկելու համար։ Վերջին տվյալներով զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
-Հունվարի 17-ի երեկոյան Քարվաճառի տարածքում ավտովթար է եղել, ինչի հետևանքով վիրավորվել են մայոր Կարեն Սիմոնյանը և ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։