«Ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, պետք է պենալը խփել՝ գնա». Հրանտ Բագրատյան

Հայաստանի ՀՆԱ-ն 10 մլրդ 400 մլն դոլար է, հայտնի է, թե տնտեսության որ ճյուղն ինչքան հարկ է տալիս ու ինչքան պետք է տա, դրա տարբերությունն էլ ստվերն է: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում չկա ստվերի խնդիր, չկա մեկը, որ 1000 դրամի առևտուր անի, հարկայինը չիմանա. «Սա կառուցվածքային խնդիր է, որ նկատվում է ամբողջ աշխարհում: Աշխարհը ՀՆԱ-ից գնում է համախառն շրջանառության, որովհետև ՀԴՄ-ի միջոցով հսկում է առևտուրը»:

Հ.Բագրատյանի խոսքով՝ ՓՄՁ շեմ կարող է չլինել, քանի որ ՀԴՄ-ի միջոցով ծախքը հսկվում է, իսկ ծախսը հետաքրքիր չէ. «Երբ թուղթ եք ուզում, դադարում են փոքր լինելուց: Երբ շրջանառությունը ֆիքսում եք, թիվ դրեք, մուծեն»: Նրա կարծիքով՝  այս փոփոխության հետևանքով բյուջեի հարկային եկամուտներն ընկնելու են: Նա հաշվարկներ արեց ու նշեց, որ շրջանառության հարկը կարելի է վերացնել ու որոշակի թիվ սահմանել, որ տնտեսվարողը վճարի:

«Ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, պետք է պենալը խփել՝ գնա: Հասարակ լուծում է: Ոչ մի դարպասապահ չկա, 7 մետր է, 11 մետր չի, ոնց խփեք, մեջն է գնում»,- ասաց Բագրատյանը:

Ըստ նրա՝ դույքաչափը պետք չէր 1% դարձնել, դեռ 3.5%-ն էր քիչ, 5.5% պետք է լինի, խոշորի համար էլ՝ 7.5%: Այսինքն՝ պրոգրեսիվ հարկում է պետք: Իշխանության գործողությունները Բագրատյանը բնորոշեց որպես «կղերականի կեցվածք՝ տնտեսության մեջ»: Նրա կարծիքով, ինչպես հետևելու արդյունքում մարդիկ կանաչ լույսի տակ են անցնում փողոցը, այնպես էլ պետք է այստեղ հետևել, ու ՀԴՄ-ն կգործի:

Տեսանյութեր

Լրահոս