«Արցախ կաթ»-ն ընդլայնում է արտադրանքի տեսականին
«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում կաթի մթերման ծավալներն անցած տարում կազմել է 2086 տոննա, նախորդ տարվա՝ 1807 տոննայի փոխարեն, ներկայում էլ հետեւողական աշխատանք է տարվում՝ նշված ցուցանիշը կրկնապատկելու համար։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության փոխտնօրեն Եղիշե Մանգասարյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում կաթի մթերման նոր կետեր կբացվեն կամ կվերագործարկվեն Մարտակերտի շրջանի ՝ Թալիշ և Մաղավուզ համայնքներում։ Նախատեսվում է նոր կետեր բացել նաև Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք և Վարդուտ համայնքներում։ Ընկերության կողմից կաթի մթերման գինը, կախված յուղայնությունից, մեկ լիտրի դիմաց միջինը կազմում է 160 դրամ:
Անդրադառնալով ընթացիկ տարում նոր տեսականու արտադրության հնարավորությանը, Ե. Մանգասարյանը տեղեկացրեց, որ «Արցախ կաթ»-ը թողարկելու է 15 տոկոսանոց թթվասեր, որը համարվում է դիետիկ, 1 տոկոսանոց մածուն, 1 տոկոսանոց կաթնաշոռ, ինչպես նաև կարտադրվի ացիդոֆիլային մածուն, որն օգտակար է հատկապես իմունիտետի բարելավման համար։ Ե. Մանգասարյանն ընդգծեց, որ գործարանի ներկայիս տեխնիկական զինվածությունը հնարավորություն է ընձեռում նախատեսվածից մի քանի անգամ ավելի կաթ մթերել, ինչին էլ միտված է ընկերության առաջիկա տարիների գործունեությունը: