«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը փոփոխվեց
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Այն հեղինակել են Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Արծվիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը և Մհեր Շահգելդյանը:
Նախքան քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է, այն բնորոշ է պառլամենտական կառավարում ունեցող երկրներին:
«Կոչ եմ անում դեմ քվեարկել, որովհետը դեռ սահմանադրական փոփոխություններ չեն իրականացված, պառլամենտական տարրեր եք մտցնում մեր համակարգ»,- ասաց Ջհանգիրյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատեց, թե Գ.Ջհանգիրյանը հրաշալի գիտի, որ որևէ օրենքի սահամանադրականությունը որոշում է միայն Սահմանադրական դատարանը և հայտարարեց, թե իրենք քվեարկելու են:
«Նույն բանն էի ուզում ասել, ինչ Աղվան Վարդանյանը»,- իր հերթին հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նախագիծն ընդունվեց 78 կողմ, 17 դեմ, 20 ձեռնպահ ձայներով: Նախագծով նախատեսվում է ԱԺ-ում բյուջետային գրասենյակի ձևավորում, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրելու է մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն: