«Առաքելություն». «Անհանդուրժելի է ոստիկանի համազգեստով դրսևորվող խուլիգանական պահվածքը»

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը խորը վրդովմունք է հայտնում դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հանդեպ դրսևորված լկտի ու սանձարձակ բռնության կապակցությամբ: Անհանդուրժելի է ոստիկանի համազգեստով դրսևորվող խուլիգանական պահվածքը:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարում է.

ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է և իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի տարածքում ծավալել քաղաքական գործունեություն ճիշտ այնպես, ինչպես որ Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացի՝ ՀՀ-ում. վերջինի օրինակները առավել քան ակնառու են ու բազմաթիվ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում արցախահայության համար առաջին հաղթաթուղթը ազատ, լիիրավ ու ժողովրդավարական հասարակության կառուցումն է: Այս միջադեպը լրջագույն հարված էր վերոհիշյալ գաղափարին:

Այս միջադեպը օրգանական շարունակությունն է բիրտ ուժի ցուցադրմամբ ուղեկցված բռնությունների, որոնց միակ շահառուն օրվա իշխանավորներն են:
Միայն անհապաղ իշխանափոխության, այնուհետ ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների գոյության պարագայում է հնարավոր բացառել նմանօրինակ ապիկարությունները:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

02.02.2014

Տեսանյութեր

Լրահոս