ԱԺ-ն տապալեց Գալուստ Սահակյանի առաջարկը

Այսօր ԱԺ 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում տապալվեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորելու հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել էր հանձնաժողովի կազմը թողնել անփոփոխ, որտեղ մեծամասնություն են կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավորները:

Սակայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ եթե հանձնաժողովում դոմինանտ լինելու է մի ուժ, իսկ մնացածը պարզապես ապահովելու են «մասովկա», ապա ԲՀԿ-ն չի մասնակցի դրա ձևավորմանը:

«Ժառանգություն» խմակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ևս հայտարարեց, որ իրենք հրաժարվելու են մաս կազմել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ընտրակեղծիքների ավանդույթը թափանցել է նաև ԱԺ հաշվիչ հանձնաժողով և, կեղծիքները չլեգիտիմացնելու համար, այդ «կեղծարար» մարմնում ՀԱԿ-ը չի ունենա ներկայացուցիչ:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը ևս հայտարարեց, որ ՕԵԿ-ը չի մասնակցելու ձևավորմանը:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե հաշվիչ հանձնաժողովին վերապահված է տեխնիական գործառույթ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ դոմինանտությունը մեկ քաղաքական ուժին չպետք է վերապահել և, քանի որ հենց տեխնիկական է դերակատարությունը, պետք է դոմինանտ չլինի: Նա նշեց, որ եթե չեն ընդունում իրենց պահանջը, ՀՅԴ-ն ևս չի առաջարկի թեկնածու:

«Սա այն հարցը չի, որ վեճ սարքենք: Կարող ենք թողնել վաղվան, որ այսօր խորհրդակցենք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց ու հարցը դրեց քվեարկության: Արդյունքում այն չընդունվեց՝ հավաքելով 61 կողմ, 2 ձեռնպահ և 0 դեմ ձայն:

«Վաղը այս խնդրով հանդես կգանք, կամ կորոշեմ միայն ես: Ես կհաշվեմ, դուք կտխրեք»,- նկատեց Գ.Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս