Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ. Կ. Անդրեասյանը դիմել է Արցախի իր գործընկերոջը

Հայաստանի Օմբուդսմենը Բերձորի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական դիրքորոշմամբ և գրություն հղել ԼՂՀ իր գործընկերոջը.

«Հարգելի պարո՛ն Հայրապետյան,
Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ:

Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները և դրոշները:

Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաև լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսևորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում:

Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և մենք չունենք որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք:

Շարունակելով մեր կառույցների երկարատև համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանականերում և երկկողմանի ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը:

Խորին հարգանքով՝ Կարեն Անդրեասյան»

Տեսանյութեր

Լրահոս