Հնարավոր հանդիպման վայրն այլևս Ազատության հրապարակը չի՞ լինի

Այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կիրակի՝ Սուրբ Զատկի պատարագից հետո դադարեցնելու է հացադուլը: «Տոնից հետո իմ  համեստ ծոմն ավարտելու եմ: Առանց ընդմիջման, չակերտյալ կազդուրման, ձեզ հետ, Հայաստանի բոլոր քաղաքացիների, հայերի ու ազգային փոքրամասնությունների, Արցախի ու Սփյուռքի հետ պատրաստվելու ենք ապրիլ 9-ին»,- մանրամասնեց նա:

168.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Ր. Հովհաննիսյանի որոշմանը. «Շատ դրական եմ վերաբերվում հացադուլը դադարեցնելու հայտարարությանը: Կարծում եմ, որ օրն էլ հարմար է ընտրված: Սա ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր փուլ է»,- ասաց նա: Ա. Մարտիրոսյանը կարևորեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ սկսվելու են այցելություններ մարզերով. «Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են այցելել մայրաքաղաք՝ մեր հանրահավաքին: Իսկ մեր մարզային այցելությունների կարիքը ես զգում եմ՝ նոր խոսք, նոր վերլուծություններ: Իմիջիայլոց, անգամ իրական անկախ փորձագետները, որոնք ինչ-որ քաղաքական ուժերի ֆինանսավորմամբ չեն գործում, գնահատում են մեր այցելությունները մարզեր»: Հարցին, թե հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս հացադուլից՝ Սերժ Սարգսյանին մեկ այլ տեղ հանդիպելու նպատակով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ»: Հարցին, թե այդ դեպքում հավանական հանդիպումը որտե՞ղ պետք է տեղի ունենա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս Ազատության հրապարակում չի լինելու, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ բարդ հարց եք տալիս, չեմ կարող պատասխանել: Այդ մասին չեմ էլ մտածել: Բայց ցանկացած պարագայում առաջարկները կան Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որոնք ամբողջական են ու անփոփոխ»:

Տեսանյութեր

Լրահոս