ԿԸՀ-ն այսօր կգրանցի Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված ընտրական ցուցակները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 15-ին գումարվելիք նիստում կքննարկի Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցելու համար ներկայացված ընտրական ցուցակների գրանցման հարցը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի անդամ Սիլվա Մարկոսյանը:

Ակնկալվում է, որ համամասնական ընտրակարգով անցկացվելիք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր 7 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները կգրանցվեն:

Հիշեցնենք, որ առաջադրված են 6 կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Առաքելության»-ը, ՀՅԴ-ն, և  «Բարև Երևան» դաշինքը, որում  ընդգրկված են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», «Շրջադարձ» կուսակցությունները։

ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Օրինաց երկիր» ընտրական ցուցակում ընդգրկված է 105 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Ազգային ժողովի պատգամավորներ` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։

ՀՅԴ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ընտրական ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադևոսյանը և ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

«Առաքելության» ընտրական ցուցակում ընդգրկված է 29 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են կուսակցության քաղխորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչ Սարգսյանը:

«Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է 64 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամ Անահիտ Բախշյանը և «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս