«Աստված մի արասցե` կգա Նաիրի Հունանյանը…». Սուրեն Զոլյան
«Այն ապագա Հայաստանը, որը միգուցե 20 կամ 50 տարուց պիտի իրականանա, մենք այսօր ենք կերտում»,- այսօր Ազատության հրապարակում կայացած քաղաքացիական ֆորումի հերթական նիստին հայտարարեց Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նա կարծիք հայտնեց, որ այսօր ընթացող ընդդիմադիր շարժումը պետք է ամրապնդի հաղթանակը, այլապես Հայաստանը կարող է «հետ ընկնել դարերով», քանի որ աշխարհը շատ արագ է զարգանում:
Սուրեն Զոլյանը ներկայացրեց պայքարի շարունակման իր տեսլականը:
«Ես գտնում եմ, որ պարոն Հովհաննիսյանը գործում է ամենաճշգրիտ ձևով, որովհետև, տեսեք, ինձ շատ են հարցրել` առաջին օրերին, երբ ժողովուրդն ավելի շատ էր, ինչո՞ւ կտրուկ քայլերի չդիմեցինք: Մի պահ ենթադրենք, որ այդ օրերին ժողովրդի ճնշման տակ բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, և պարոն Հովհաննիսյանը նստեց այդ կաբինետում, ինչի՞ տեր կլիներ: Պիտի, բայց ամեն ինչ պետք է փուլերով լինի»,- հարցադրում կատարեց ԵՊԼՀ-ի նախկին ռեկտորը: Ս.Զոլյանը շեշտեց, որ նման սցենարի դեպքում, երբ կառավարությունը, Ազգային ժողովը և այլ պետական կառույցները մնային գործող իշխանության վերահսկողության տակ, Բաղրամյան 26-ը Րաֆֆի Հովհաննիսյանի համար կլիներ ընդամենը կաբինետ, այլ ոչ թե իշխանություն: Զոլյանը սա համեմատեց պատմական հայտնի իրադարձությունների հետ` օրինակ բերելով 19-րդ դարի սկզբին ռուս-ֆրանսիական պատերազմը, երբ 1812 թ. Նապոլեոն Բոնապարտը գրավեց Մոսկվան, սակայն այնուհետև չունենալով ռեսուրսներ` քաղաքը պահպանելու համար, ստիպված նահանջեց:
«Ուրեմն մեզ պետք է հիմնարար հաղթանակ, հաղթանակ, որն այլևս անդարձ պիտի լինի,- եզրահանգեց Սուրեն Զոլյանը,- Եվ վերջին քայլերը, այն նամակագրությունը, այն փաթեթը դրա լավագույն օրինակն է: Փաստորեն, ամենահիմնական խնդիրը ոչ միայն Բաղրամյան 26-ի կաբինետն է, այլ որպեսզի ժողովուրդն ի վիճակի լինի իրացնել այդ իշխանությունը: Դրա համար անհրաժեշտ են նոր խորհրդարանական ընտրություններ, այլապես այն կառավարությունը, որը մեծապես կախված է այսօրվա խորհրդարանից, ի վիճակի չի լինի արդյունավետ գործելու»:
Ս. Զոլյանը նշեց, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի ժողովրդից կրկին չխլեն իր ընտրական իրավունքը: Ըստ նրա` պետք է նախևառաջ ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որ հանցագործությունը պատժվի և արդարություն հաստատվի: «Իշխանությունը պատկանում է ժողովրդին, այս առումով` նա, ով նստում է Բաղրամյան 26-ում, իշխանություն չէ, բայց այսօր այդ իշխանությունը փաստորեն գողացել են»,- ասաց նա:
Մասնագիտությամբ լեզվաբան Սուրեն Զոլյանը հիշեցրեց, որ «իշխանություն» բառը կազմված է գրաբարյան «իշխան» արմատից, որն ունեցել է «իրավունք» իմաստը, այլ ոչ թե «կառավարիչ»: «Երբ մոռացանք այդ բառի իմաստը, միգուցե այն ժամանակ էլ կորցրինք անկախ պետականությունը, և պիտի վերադարձնենք այդ իշխանը, իշխանությունը` իրավունքից»,- շեշտեց նա: Ըստ նրա` այն իշխանությունը, որը հիմնված չէ ժողովրդի իշխանության վրա, լավագույն դեպքում կարող է լինել օկուպացիոն ռեժիմ, ինչպես ֆաշիստական Գերմանիայում:
«Ինձ այս վիճակը հիշեցնում է 88 թիվը, երբ մենք ասում էինք` «Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռքն է»»,- հայտարարեց Զոլյանը` իր խոսքն ավարտելով այսպես. «Փառք Աստծո, որ այսօր մեզ հետ Րաֆֆին է, բայց թող իմանան իշխանությունները` եթե նրանք կարծում են, որ չեզոքացնելով Րաֆֆիին կամ ճնշելով այս շարժումը, նրանք ի վիճակի են հասնել ինչ-որ այլ արդյունքների, սխալվում են: Աստված մի արասցե` կգա Նաիրի Հունանյանը, որովհետև եթե ճնշվի սահմանադրական շարժումը, ապա պայքարի բոլորովին այլ եղանակներ ի հայտ կգան, որոնց դեմ ենք և, իհարկե դա չենք ուզենա»: