Ինչու «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին
«Հաշվի առնելով նախկին ընտրությունների փորձը, երբ ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց միավորել, մենք որոշեցինք չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Բացի այդ, ընդդիմության ռեսուրսները կփոշիանային, եթե ընդդիմությունը մի քանի ճակատներով մասնակցեր: Ամենավտանգավորը հենց այն է, որ ընդդիմադիր դաշտը փորձի պայքարել իրար դեմ երկրորդ տեղի համար, ինչը կարող է նպաստել նաև ռեժիմի վերարտադրությանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նա հայտնեց, որ իրենք նաև նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության հետ բանակցություններ են վարել՝ ավագանու ընտրություններում միասին ազատական թևը ներկայացնելու նպատակով, բայց, ի վերջո, որոշել են չմասնակցել քաղաքապետի ընտրություններին:
Արզումանյանը տարօրինակ համարեց այն, որ երկու ամիս առաջ այն քաղաքական ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին, պատրաստակամություն են հայտնել մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Իսկ թե արդյոք «Ազատ դեմոկրատները» ցանկություն ունեցե՞լ են ընդգրկվելու «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում, Ալ. Արզումանյանը պատասխանեց՝ ոչ:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին, Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությանը, Ալ. Արզումանյանն ասաց, թե կարծում է, որ երկու կողմերն էլ բանակցությունների տրամադրություն ունեն, ինչը, ըստ նրա, դրական է:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջած պաշտոններին, Արզումանյանը նշեց, թե բանակցություններում նշաձողի նվազագույն սահմանումն ընդունելի չի համարում, բայց միաժամանակ վստահեցրեց, թե դա «ճաշակի հարց է»: Ալ. Արզումանյանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհային քարտեզը պետք է կազմվի մինչև ապրիլի 9-ը: