Ուշադրություն, դռները փակվում են
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ նախագահական ընտրություններից առաջ շատերը թերագնահատում էին Րաֆֆուն:
Հետընտրական իրադարձությունների համատեքստում կարող ենք փաստել, որ հիմա էլ Րաֆֆին հետևողականորեն գերագնահատվում է:
Քաղաքական «մարտիրոսի» կերպարը հետաքրքիր էր առաջին օրերի ընթացքում: Քաղաքական մնջախաղը ենթադրում է, որ նման հրապարակային գործելաոճին զուգահեռ Րաֆֆին ընդունակ կլինի նաև մնալ իրական քաղաքականության հարթությունում:
Իհարկե, Րաֆֆին այստեղ էլ ճեղքում է արդի քաղաքագիտական բոլոր շրջանակները և, բնակություն հաստատելով միայն իրեն հայտնի զուգահեռ հարթության մեջ, ոչ մի կերպ չի կարողանում արդյունքը գերադասել գործընթացից:
Ինչ խոսք, հաճելի է երկրի Նախագահից պարբերաբար նամակներ ստանալ, որտեղ քեզանով մտահոգվում են, քեզ ընդունում են, քեզ հրավիրում են, քեզ գնահատում են:
Սակայն անգամ ամենաբուռն «սիրախաղը» իր ավարտն է ունենում:
Չափավոր համառությունը լրացուցիչ հմայք է հաղորդում հարաբերություններին, սակայն, երբ այն հասնում է կամակորության աստիճանի, մյուս կողմն ունի բոլոր նախադրյալները հիասթափվելու և դադարեցնելու նման շփումները:
Եվ երբ դեռ ուսանողական տարիներից մետրոպոլիտենի հարազատ դարձած ձայնը հայտարարում է. ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ` ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ,այդ պահին չկա ոչ մի երաշխիք, որ կլինի հաջորդ կանգառ…»