Որտե՞ղ կհանդիպեն Ս. Սարգսյանն ու Ր. Հովհաննիսյանը (քարտեզ)

Ներքաղաքական լրահոսի գլխավոր թեման շարունակում է մնալ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ու երկխոսության հնարավորությունը:

Եթե ավելի կոնկրետացնենք՝ առաջին պլան է եկել ոչ թե հանդիպման օրակարգը, այլ դրա վայրը:

Երկուսն էլ նշում են, որ հարգում են միմյանց և պատրաստ են հանդիպել ու քննարկել խնդիրները: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է, որպեսզի հանդիպումը լինի Ազատության հրապարակում՝ իր նստարանին, կամ, եթե Սերժ Սարգսյանը կցանկանա՝ մոտակա սրճարանում: Սերժ Սարգսյանն էլ պատասխանում է, որ պատրաստ է հանդիպել միայն իր նստավայրում:

Եվ հիմա շատերը փորձում են կանխագուշակել՝ որտե՞ղ տեղի կունենա հանդիպումը (եթե այն տեղի ունենա):

Նման դեպքերում, եթե իրոք կա հանդիպելու ցանկություն, կողմերը պետք է կոմպրոմիսի գնան և հանդիպեն, ինչպես սպորտում է լինում՝  չեզոք դաշտում։

Եթե նախագահի համար բանակցային ելակետ է Բաղրամյան 26-ը, իսկ Ր. Հովհաննիսյանի համար՝ Ազատության հրապարակը, ապա փոխզիջման հասնելու համար նրանցից յուրաքանչյուրը պետք է քայլ անի դեպի հակառակ կողմը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է իջնի Բաղրամյան 26-ից, իսկ Ր.Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակից բարձրանա Բաղրամյան փողոցով՝ 26 հասցեին ընդառաջ։

Փորձենք շատ պարզ եղանակով հաշվարկել, թե որտե՞ղ տեղի կունենա երկար սպասված այդ հանդիպումը: Մաթեմատիկայում կան, այսպես ասած, տիպային խնդիրներ: Դրանց թվին են պատկանում ճանապարհի խնդիրները: Փորձենք այս խնդրի օրինակով կանխագուշակել հանդիպման «հավասարակշիռ» վայրը։

Եվ այսպես, նախագահական նստավայրի (A կետ) և Ազատության հրապարակի այն տեղի միջև, որտեղ նստացույց է անում Րաֆֆի Հովհաննիսյանը (B կետ) հեռավորությունը 1.3 կմ է (ըստ Google Maps հավելվածի):

Qartez

Ո՞ր կետում նրանք կհանդիպեն, եթե միաժամանակ դուրս գան և ոտքով քայլեն միմյանց ընդառաջ: Ինչպես բոլոր ճանապարհի տիպային խնդիրներում, այս դեպքում անհրաժեշտ է իմանալ, թե ի՞նչ արագությամբ են շարժվում խնդրի հերոսները:

Ինչպես ցույց է տվել նախընտրական քարոզարշավը, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի արագ է քայլում, քան միջին վիճակագրական հայը: Սակայն հաշվի առնելով, որ Ր.Հովհաննիսյանն արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ՝ կարելի է ենթադրել, որ նախկին արագությամբ նա չի շարժվի: Այսինքն՝ ընդունենք, որ նրանք շարժվում են միմյանց ընդառաջ հավասար արագությամբ:

Այս դեպքում խնդիրը դառնում է չափազանց հեշտ, որը կարող է լուծել անգամ 2-րդ դասարանի աշակերտը: Հանդիպումը տեղի կունենա ճանապարհի մեջտեղում՝ 650 մետր հեռավորության վրա Բաղրամյան 26-ից և Ազատության հրապարակից:

Իսկ գիտե՞ք՝ որն է մեջտեղի կետը: Որքան էլ խորհրդանշական լինի՝ դա ՀՀ Սահմանադրական դատարանն է: Այսինքն՝ պարզ թվաբանությամբ ՝գործող նախագահն ու ընդդիմության առաջնորդը պետք է կրկին հանդիպեն Սահմանադրական դատարանում՝ թեկուզ դրա բակում։

Կարելի է նաև այլ հնարավոր տարբերակներ նշել: Օրինակ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը քայլի նախկին տեմպով, հանդիպումը տեղի կունենա Չեխովի անվան դպրոցի շրջակայքում: Եթե միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը «ոտքը կախ գցի», կհանդիպեն ԱՄՆ դեսպանատան նախկին շենքի մոտ (ներկայումս՝ Ավետարանչական եկեղեցու շենքն է)։

Նաև հակառակ տարբերակը կա: Եթե Սերժ Սարգսյանը որոշի արագ քայլել, ապա հանդիպումը կկայանա Թաիլանդի դեսպանատան մոտակայքում: Իսկ եթե Ս. Սարգսյանն, ամեն դեպքում, որոշի հանդիպման գնալ մեքենայով, ապա հանդիպումը տեղի կունենա Մարտիրոս Սարյանի արձանի մոտ։

Ամենակարևորը, սակայն, մեկնարկի պահն է, որը հետաձգվում է: Ամեն դեպքում՝ բավական է տեղից պոկվեն, և հանդիպումը տեղի կունենա 8-10 րոպե անց։

Միգուցե ոմանք անլուրջ և անիմաստ համարեն այս հաշվարկն ու վերլուծությունը:

Սակայն մյուս կողմից՝ այն իրականում ցույց է տալիս բուն քաղաքական գործընթացների լրջությունն ու իմաստը (կամ դրանց բացակայությունը):

Ստացվում է, որ ներքաղաքական կյանքի ամենակարևոր խնդիրը հանդիպման վայրը որոշելն է: Այն դեպքում, երբ ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ օգուտ է տալու այդ հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս