Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումով գործը ՍԴ-ը քննության է ընդունել մասնակի

Սահմանադրական դատարանը որոշել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումով գործը քննության ընդունել մասնակի: Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով դիմումը մերժվել է, իսկ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով և 26-րդ հոդվածի 2-րդ մասով` ընդունվել քննության:

ՍԴ դատական կազմի որոշման համաձայն` վերոհիշյալ դրույթների սահմանադրականության գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ որոշվել է ներգրավվել ԸՕ-ն ընդունած Ազգային ժողովին:

Դատական նիստի օրը կնշանակվի ՍԴ-ի աշխատակարգային որոշմամբ:

Այս գործը քննության ընդունելու հիմքերից մեկն էլ այն է, որ դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Հիշեցնենք, որ Ր.Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ վարչական դատարան: Ր.Հովհաննիսյանի դիմումները մերժվել էին:

Ըստ դիմողի, թեկնածուի անուն-ազգանունով և կարգախոսով պաստառը, թեկուզև ընտրական շտաբ նշումով, իրականում քարոզչական պաստառ է, իսկ դրանց համար վարձակալված տարածքներն էլ` քարոզչական տարածք, ուստի դրանց ծախսերը պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամների միջոցների հաշվին:

Դիմողի կարծիքով, իր մրցակիցը` Սերժ Սարգսյանը, ունենալով 1600 ընտրական շտաբներ, իրականում ծախսել է նախընտրական հիմնադրամի առավելագույն չափը` 100 մլն դրամը, գերազանցող գումարներ, ինչը թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու հիմք է:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս