Հյուսիսային Իրաքի քրդերն Անկարային առաջարկել են «ռազմավարական գործընկերության» նոր պլան
Քրդական Rudaw թերթի փոխանցմամբ՝ Անկարայում բանակցել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին: Էրդողանի ու Բարզանիի այդ հանդիպումն անցել է մամուլի համար դռնփակ պայմաններում:
Նշվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանգստյան օրերին չհայտարարված այցով ժամանել է Իրաք: Էրդողանիի ու Բարզանիի հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի տարածքից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դուրս բերման հարցը, Սիրիայում ստեղված իրավիճակը, Հյուսիսային Իրաքի քրդերի հարաբերություններիը Բաղդադի վարչակազմի հետ:
Թուրքական թերթերի տվյալներով՝ հանդիպման օրակարգում է գտնվել նաև «ռազմավարական գործընկերությանը» առնչվող հարցեր: Հայտնի է դարձել, որ Էրբիլը (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք) ցանկանում է հետագայում զարգացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը պետք է տեղի ունենա Թուրքիայի ու PKK-ի միջև ներկայումս սկսված գործընթացի ավարտից հետո: Այդ նպատակով Էրբիլը Թուրքիային ներկայացրել է «ռազմավարական գործընկերության» նոր պլան:
Նշվում է, որ Էրբիլի քրդական վարչակազմը, իր դեմ ունենալով Թեհրանի ու Բաղդադի դաշինքը, ցանկանում է իրեն ապահովագրել Թուրքիայի հետ հարաբերությունների ամրագրմամբ: Նաև հաղորդվում է, որ Բարզանին ձգտում է հասնել նրան, որ Հյուսիսային Իրաքի բնական գազն ու նավթը Թուրքիայի միջոցով դուրս գան համաշխարհային շուկաներ:
Պլանավորված նավթամուղի կառուցումը, որն Իրաքի քրդերին հնարավորություն կտա իրենց նավթն ուղիղ արտահանել Թուրքիա, արդեն իսկ հարուցել է Բաղդադի կենտրոնական կառավարության դժգոհությունը: Այդ հարցը նաև մտահոգում է ԱՄՆ-ին, ով դեմ է Իրաքի մասնատմանը: