Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն ողջունել են Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակումը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԵՄ-ի՝ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել են Վրաստանի խորհրդարանի կողմից նախագահի լիազորությունների սահմանափակումը, ինչն այսօր հաստատվել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ըստ այդ ուղղումների՝ նախագահը զրկվում է խորհրդարանը ցրելու դեպքում կառավարությունը նույնպես ցրելու իրավունքից: Էշթոնի ու Ֆյուլեի տարածած համատեղ հայտարարությունում նշված է.
«Սահմանադրական ուղղումները, որոնք հաստատում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի դերը նոր կառավարության նշանակման հաստատման մեջ, ամրապնդում են Վրաստանում ժողովրդավարությունը:
Սահմանադրական ուղղումները ստեղծում են կարևոր նախադեպ՝ վրացական քաղաքականությունում բոլոր կողմերի միջև համագործակցության համար: Մենք Վրաստանում շահագրգիռ բոլոր ուժերին կոչ ենք անում շարունակել աշխատել համատեղ սահմանադրական ոգով՝ հանուն վրաց ժողովրդի շահերի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես ողջունել է Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակումը՝ ընդգծելով, որ դա կամրապնդի ժողովրդավարությունը Վրաստանում: