Թուրքիան կարող է սառեցնել «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի նախագիծը. Թաներ Յըլդըզ
CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ եթե թուրքական Çalık Holding ընկերությունը չգտնի այլ գործընկեր, բացի իտալական ENI ընկերությունից, ապա Թուրքիան կարող է սառեցնել «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի նախագիծը.
««Սամսուն-Ջեյհան» նավթամուղի նախագիծը կարևոր է Թուրքիայի համար, սակայն Թուրքիայի համար առաջին տեղում են քաղաքական սկզբունքները: Այդ պատաճռով էլ Թուրքիան կարող է սառեցնել նախագծի իրագործումը: Ինչ վերաբերում է նրան, որ դա վնաս կպատճառի երկրի տնտեսությանը, ապա Թուրքիան ունի բազմաթիվ այլընտրանքներ՝ նավթի մատակարարման համար:
Վստահ եմ, որ ռուսական էներգետիկ ընկերությունները չեն համագործակցի Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, քանի որ նրանք գիտեն, որ այդպիսի համագործակցությունը կարող է վնասել Թուրքիայում նրանց նախագծերին:
Թուրքիան իր «սև ցուցակում» կընդգրկի այն բոլոր ընկերություններին, որոնք էներգետիկ ոլորտում կհամագործակցեն Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Այդ մասին տեղյակ ռուսական ընկերությունները նման համագործակցության չեն գնա Նիկոսիայի հետ»:
Հիշեցնենք, որ Թուրքիան այսօր դադարեցրել է իր համագործակցությունն իտալական ENI ընկերության հետ` դա պատճառաբանելով նրանով, որ իր զգուշացումից հետո ENI-ն շարունակել է համագործակցել Կիպրոսի հետ: Դրանից առաջ ռուսական «Գազպրոմը» առաջարկել է վերակազմակերպել Կիպոսի բանկերը՝ կղզու գազահանքերի շահագործման թուլտվություն ստանալու դիմաց: