Թուրք-ադրբեջանա-վրացական հերթական գործարար ֆորումը կանցկացվի Գաբալայում
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան հերթական գործարար ֆորումն անցկացվելու է մայիսի 21-ին, Ադրբեջանի Գաբալա քաղաքում: Այդ ֆորումին մասնակցելու են տվյալ երկրների նախարարներն ու գործարար շրջանակները:
Այս մասին նշված է Ադրբեջանի տնտեսական զարգացման այսօր տարածած հաղորդագրությունում: Նախորդ երկու հանդիպումներն անցկացվել են Կարսում ու Թբիլիսիում: 2012 թվականի արդյունքներով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2.12 միլիարդ դոլար:
Ընդ որում, ներկրման ցուցանիշով Թուրքիան Ադրբեջանի արտաքին առևտրային գործընկերների թվում զբաղեցրել է առաջին տեղը (1520 միլիոն դոլար, ինչը կազմել է ադրբեջանական ողջ ներկրման 15.75 տոկոսը):
Թուրքիայի ու Ադրբեջանի միջև փոխադարձ ներդրումների ծավալը գերազանցել է 10 միլիարդ դոլարի սահմանագիծը: Ակնկալվում է, որ հետագա տարիներին Ադրբեջանը Թուրքիայում կներդնի ևս 21 միլիարդ դոլար: 2012 թվականի արդյունքներով՝ Թուրքիայում գործունեություն ծավալած ադրբեջանական ընկերությունների քանակը կազմել է 1100:
Ադրբեջանն Վրաստանի տնտեսությունում կատարած ուղիղ ներդրումների ծավալով զբաղեցրել է երկրորդ տեղը, նրա ներդրումները կազմել են Վրաստանում կատարված բոլոր ներդրումների 12 տոկոսը: Միայն նախորդ տարի Վրաստանում գրանցվել է ադրբեջանական կապիտալով 134 ձեռնարկություն, որով և դրանց ընդհանուր քանակը գերազանցել է 500-ը: