«Մեր ինտելեկտուալ արտադրանքի 90 տոկոսը գողացված է»

«Հայաստանցին դարձել է գողացված ապրանքի սպառող»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս խոսելով Հայաստանում առկա գրագողության մասին` նշեց, որ դա պատկան մարմինների բացթողումն է, որը դարձրեց հանրությանը հանցանքի ակամա հանցակիցը: Տարիներ շարունակ հայաստանյան հրատարակչական դաշտը տուժել է այդ սև շուկայից:

«Իմ ասածը տարօրինակ կարող է թվալ շատերի համար, բայց ես ուրախ եմ, որ Երիտասարդական մետրոյի հարակից անցումի «գրախանութները» փակվեցին: Ամենամեծ վտանգն այն էր, որ այդ նույն շուկայում մենք մեր հրատարակած գրքերի պատճենումներն էինք  հայտնաբերել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա հեղինակային մի շարք օրենքներ պահպանելու համար բազմիցս  դիմել է Ոստիկանություն, որը հանցանք կատարողներին ստուգելու փոխարեն՝ ստուգումներ է անցկացրել «Անտարես» հրատարակչությունում: «Այդ շուկան գողացված ապրանքը մատուցելով սպառողին՝ նրան ևս դարձնում էր հանցակից: Ինչո՞ւ պետք է մեր հասարակությունը կրթվի գողացված ապրանքներով: Մեր պետութունը համաշխարհային ինտելեկտուալ շուկայում հայտնվել է սև ցուցակում: Մեր արտադրանքի 90 տոկոսը գողացված է: Դա մեր իշխանությունների բացթողումն է, որի արդյունքում մեր հասարակությունը դարձել է գողացված ապրանք սպառող»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս