Վենդետայի գործով դատավճիռը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել որդու սպանությանն առնչություն ունեցած անձին սպանելու գործով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անցյալ տարվա հոկտեմբերի 31-ի դատավճռով Արտակ Մելքոնյանը դատապարտվել էր 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որի դեմ բողոք էին բերել թե պաշտպանական կողմը և թե տուժող:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Մելքոնյանը 2010թ. նոյեմբերի 14-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան 49/1 տան դիմաց հանդիպելով 2009թ. նոյեմբերի 29-ին առանձին դաժանությամբ սպանված իր հանգուցյալ որդու` Սոս Մելքոնյանի սպանությանը առնչված և օրենքով սահմանված տարիքի հասած չլինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված Սարգիս Վարդիկյանին, վրեժխնդիր լինելով նույն եղանակով սպանել է նրան:

Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվում էր տուժողի իրավահաջորդ Դավիթ Վարդիկյանի և ամբաստանյալի պաշտպան Ռազմիկ Թովմասյանի վերաքննիչ բողոքների հիման վրա՝ առաջինը միջնորդում էր է ամբողջությամբ բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Արտակ Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը՝ մասնակիորեն բեկանել Արտակ Մելքոնյանի դեմ կայացված դատավճիռը՝ արարքը սպանությունից վերաորակելով որպես Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության և նշանակել համաչափ պատիժ:

Վերաքննիչ դատարանը մերժեց երկու կողմերի վերաքննիչ բողոքներն էլ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս