ԿՀՎ նախկին ղեկավարն առաջին անգամ ներողություն է խնդրել արտամուսնական կապի համար
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը պաշտոնապես ներողություն է խնդրել այն «սխալի» համար, որը նախորդ տարի հանգեցրեց իր հրաժարականին:
Պետրեուսը ԿՀՎ ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տվեց 2012 թվականի նոյեմբերի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ ԿՀՎ-ի 59-ամյա ղեկավարը սիրավեպ է ունեցել լրագրողուհի Փոլ Բրոդուելի հետ, ով հանդիսանում է իր ինքնակենսագրականի (All In: Education of General David Petraeus) հեղինակը:
Երեկ Լոս Անջելեսում ելույթ ունենալով զինվորականների առջև՝ Պետրեուսը խոր ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել այն հանգամանքների համար, որոնք հանգեցրին ԿՀՎ ղեկավարի պաշտոնից իր հրաժարականին: Նա հավելել է, որ կյանքը դրանով կանգ չի առել և շարունակվում է:
Պետրեուսը ԿՀՎ ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի սեպտեմբերի սկզբին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարի պաշտոնը, իսկ ավելի վաղ ղեկավարել է Իրաքում ամերիկյան ռազմական գործողությունները: Ընդհանուր առմամբ, Պետրեուսը զինված ուժերում ծառայել է 37 տարի: ԿՀՎ նոր ղեկավար է դարձել Ջոն Բրենանը: