Բաժիններ՝

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն առաջին անգամ կարող է կին գլխավորել

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում ունեցած իր երկու աղբյուրը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գաղտնի ծառայության պետի պաշտոնում ընտրել է գործակալ Ջուլիա Պիրսոնին: Գաղտնի ծառայությունը զբաղվում է պետության ղեկավարի պահպանությամբ:

Պիրսոնը, ով ավելի վաղ աշխատել է որպես Գաղտնի ծառայության շտաբի պետ, կդառնա պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը: Սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը:

Գաղտնի ծառայության նախկին ղեկավար Մարկ Սալիվանը հրաժարական է տվել փետրվարի սկզբին: Դա կարող է կապված լինել նրա ստորադասների պահվածքի հետ, որոնք կոլումբիացի մարմնավաճառների հետ հայտնվել էին սկանդալի կենտրոնում, երբ Օբաման այցելել էր Կարտախենա քաղաք՝ Ամերիկայի գագաթաժողովին մասնակցելու համար:

Սալիվանը Գաղտնի ծառայությունը ղեկավարում էր արդեն 7 տարի, իսկ տվյալ ծառայությունում նրա աշխատանքային ընդհանուր փորձը կազմում է 30 տարի: Գաղտնի ծառայությունը, նախագահից բացի, զբաղվում է նաև նրա ընտանիքի ու նախկին նախագահների պահպանությամբ, ինչպես նաև պայքարում է ամերիկյան արժույթի ու պետական պարտատոմսերի կեղծման դեմ: Մինչև 2003 թվականն այդ ծառայությունը հանդիսացել է Ֆինանսների նախարարության ստորաբաժանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս