Տարոն Մարգարյանը վախեցե՞լ է գրադարանավարուհուց

Ազատության հրապարակում կազմակերպված քաղաքացիական ֆորումի մասնակից «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը մի արտառոց դեպք պատմեց: «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի 18-րդ տեղում գտնվող Աննա Ուզունյանին, ով գրադարանավարուհի է աշխատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համայնքային գրադարանում, տնօրենը  հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ուզունյանն էլ, ով ընդամենը երեք տարի առաջ էր ընդունվել աշխատանքի և ստանում է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը`35 հազար դրամ, ենթարկվելով տնօրենի պահանջին, դիմում է գրել: Մանուել Գասպարյանը սա համարում է կոմունիստական շրջանի մտածողության արդյունք, երբ միակուսակցական համակարգը չէր հանդուրժում որևէ այլախոհություն և աշխատելու և ապրելու հնարավորությունից զրկում էր բոլոր այլախոհներին:

168.am-ի թղթակիցը զրուցել է Աննա Ուզունյանի հետ՝ պարզելու համար նրա՝ աշխատանքից ազատման մանրամասները: Աննան մեր թղթակցին պատմել է, որ, երբ հրապարակվել է «Բարև, Երևանի» համամասնական ցուցակը, իրենց տնօրեն Ծովինար Մելոյանն իրեն կանչել է իր մոտ և ասել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրի: «Ես հասկացա, որ եթե ես հրաժարվեմ դիմում գրելուց, ապա շատ ծանր վիճակի առաջ կկանգնեցնեմ իմ տնօրենին, ով երկու անչափահաս երեխաների մայր է: Եթե ես ազատման դիմում չգրեի, պարզ է, որ նրան էին ազատելու աշխատանքից, իսկ ես նրան շատ եմ հարգում»,- ասում է Աննա Ուզունյանը:

Այնուամենայնիվ, մենք նրան հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ նա թերացել է աշխատանքի մեջ, և համամասնական ցուցակում հայտնվելն ուղղակի համընկել է աշխատանքից ազատման պահանջի հետ: Աննան շատ հուզվեց. «Ես երբ գնացի՝ 20 ընթերցող կար, նաև իմ աշխատանքի շնորհիվ ընթերցողների թիվը երեք տարվա ընթացքում անցել էր 300-ից: Ինչպե՞ս կարող էի ես վատ աշխատել, երբ ամբողջ հոգով նվիրվել էի այդ աշխատանքին: Ես գիտեմ, որ դա իմ տնօրենի նախաձեռնությունը չի եղել, նա էլ կատարել է իր վերադասի`Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանի հրամանը: Նա էլ, երևի, իր վերադասինը: Սա քաղաքական է, և ոչ մի կապ չունի իմ՝ աշխատանքից դժգոհելու հետ»:

Մեր թղթակցի այն հարցին, թե գուցե սա այնքան էլ կապ չունի՞ վերադասի հետ, գուցե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ չէ այս ամենից, և, եթե նա տեղյակ լիներ, հատատ չէր թողնի, որ նման ապօրինություն տեղի ունենար, քանի որ նա ինքն էլ պայքարում է նման ապօրինությունների դեմ, որոնք շատ դեպքերում «արջի ծառայություն» են լինում, Աննա Ուզունյանը պատասխանել է քմծիծաղով: «Ես շատ լավ հասկանում եմ ձեր հումորը, հասկանում եմ, որ մեր երկրում ղեկավարները միշտ լավն են, իսկ եթե ինչ-որ վատ բան կատարվում է, արվում է՝ ոչ թե նրանց հրահանգով, այլ նրանց դեմ է: Դրա համար էլ ես ընդառաջելով իմ տնօրենին և աշխատանքից ազատման դիմում գրելով՝ մի դիմում էլ գրել եմ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ինձ վերականգնել իմ նախկին աշխատանքում: Եթե Տարոն Մարգարյանն իսկապես կապ չունի այս պատմության հետ, նա շատ հեշտ կարող է դա ապացուցել, և հակառակը, եթե ինձ աշխատանքից ազատել են նրա հրահանգով, որ նա հանձինս ինձ տեսել է իր համար մրցակից և որոշել է ազատվել, ապա դա ևս կերևա»,- ասում է Աննա Ուզունյանը:

Կարդացեք նաև

Մեր խոսակցությանը ներկա քաղաքացիները նրան խորհուրդ էին տալիս դիմել դատարան, նույնիսկ հասնել Եվրոդատարան, և պարտադրել, որ իրեն օրենքի ուժով վերականգնեն աշխատանքի: Աննա Ուզունյանը պատասխանում էր, որ ինքը հավատում է, որ իրեն աշխատանքի կվերականգնեն նաև առանց դատարանի, քանի որ այդ աշխատանքում այդպիսի աշխատավարձով շատ քչերը կհամաձայնվեին աշխատել: Մենք ուզում ենք կիսել Աննա Ուզունյանի լավատեսությունը, և սպասում ենք, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա աշխատել իր սիրած մասնագիտությամբ:

Տեսանյութեր

Լրահոս