«Եթե Ս. Սարգսյանը որոշեր գնալ Ազատության հրապարակ, կարծում եմ, դա լավագույն քայլը կլիներ …». Հ. Ազոյան
Դերասան Հովհաննես Ազոյանը, ով ակտիվ է իր քաղաքացիական դիրքորոշումը անկաշկանդ արտահայտելու մեջ, galatv.am-ի-ի հետ զրույցում իր կարծիքն է արտահայտել ներկայում երկրում ստեղծված իրավիճակի, Ազատության հրապարակում գտնվող ՀՀ քաղաքացիների և նաև Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկների մասին:
«Ես ավելի շատ անարդարության դեմ պայքարող մասնիկ եմ, քան քաղաքականությունից հասկացող և քաղաքականության մեջ մտնող, կամ՝ քաղաքականության մասին կարծիք արտահայտող մարդ: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ հիմա խնդիրը քաղաքական պրոցեսների մեջ է, կարելի է ասել՝ խնդիրը քաղաքական պրոցեսների տաղավարում է և եթե լուծվի այնտեղ, կարծում եմ, շատ ավելի լավ կլինի: Մենք այս առումով, կարծում եմ, առաջ ենք գնացել՝ համեմատած մի քանի տարի առաջվա հետ: Հենց հարցը անարդար լուծեն՝ առաջամարտիկի ձևով ես դուրս կգամ պայքարի»:
Հովհաննես Ազոյանի գնահատմամբ՝ Ազատության հրապարակում պայքարող քաղաքացիների պայքարն արդարացի է և իներցիայով է եկել:
«Ես կարծում եմ, որ այս բողոքը իներցիայով եկած բողոք է և, իհարկե, նրանց բողոքն արդարացի է: Բայց իմ կարծիքով, պետք է խնդիրը տեղափոխել արդեն իրավական դաշտ, պետք է ֆորմալ բնորոշում տալ սրան: Որովհետև իներցիայով եկած բողոքը 2008թ-ին մարմին ստացավ, և մինչև հիմա այդ բողոքը մնում է»,-ասել է դերասանը:
Նրա բնորոշմամբ՝ այս գործընթացներից հետո ինչ կլինի երկրում՝ սա էլ մեծապես կախված է իշխանություններից. «Արտագաղթ կլինի, թե՞ ոչ՝ կախված է իշխանությունից՝ պայմանավորված նրանով, թե ինչպիսի լուծում կունենան այս հարցերը: Այնպես որ, գնդակն իշխանության դաշտում է և իշխանությունից է կախված՝ արտագաղթ կլինի, թե՞ ոչ: Եթե քաղաքական պրոցեսները, տա Աստված, լուծվեն ի հոգուտ մեզ բոլորիս, ապա արտագաղթ չի լինի»:
Հովհաննես Ազոյանն անդրադարձել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկությունների մասին՝ գնահատելով.
«Չեմ կարծում, որ քաղաքական առևտուր է, չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն մարդն է, որ գնա առևտրի: Այդ առաջարկներին ես ծանոթ եմ: Ուղղակի, իմ կարծիքով, պետք է շատ գրագետ խաղալ այդ խաղը: Ա՛յ, եթե Սերժ Սարգսյանը որոշեր գնալ Ազատության հրապարակ և հանդիպեր Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում եմ, դա լավագույն քայլը կլիներ դեպի դեմոկրատիա՝ գոնե էմոցիոնալ առումով»: