«Երևան-Վան» ավիաչվերթի բացումը Վանի նահանգում կառաջացնի զբոսաշրջային պայթյուն. Sabah
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ապրիլի 3-ին մեկնարկում են «Երևան-Վան» ավիաչվերթները: Դրանք պետք է իրականացվեն շաբաթական երկու անգամ (չորեքշաբթի ու կիրակի), տոմսի գինը կազմում է նվազագույնը 250 դոլար:
Թռիչքներն իրականացնելու է թուրքական մասնավոր Borajet ընկերությունը՝ ATR 72-500 տիպի ինքնաթիռներով: Թռիչքի տևողությունը կազմելու է 40 րոպե:
Երեք տարի առաջ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին վերաբացվել էր որպես սրբատեղի և այնտեղ անցկացվել էր պատարագ: Դա նպաստել էր զբոսաշրջության զարգացմանը: «Երևան-Վան» ավիաչվերթի բացումը նույնպես կնպաստի դրան:
Հայ-թուրքական գործարարության զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Քաան Սոյաքը հայտարարել է, որ Վանում առկա են հայերի հեղինակած պատմական բազմաթիվ կոթողներ, որոնք գլխավորապես եկեղեցիներ են. «Աղթամարը հանդիսանում է այնպիսի եկեղեցի, որին տեսնելու ցանկություն ունի աշխարհում բնակվող 8 միլիոն հայ. Աղթամարի եկեղեցին ուխտատեղի է:
Իսկ «Երևան-Վան» ավիաչվերթի բացումը տարածաշրջանում կառաջացնի զբոսաշրջային պայթյուն: Կարծում եմ, որ հյուրանոցներն ու ինքնաթիռները լինելու են լեփ-լեցուն: Հուսով եմ, որ տարեկան այստեղ կժամանի 400.000-500.000 հայ զբոսաշրջիկ»: