
Հյուսիսային Կորեան վերստին սպառնացել է հարվածել ամերիկյան օբյեկտներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան հայտարարել է զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման մասին՝ Գուամ և Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև մայրցամաքում գտնվող ամերիկյան օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ զորավարժությունների ժամանակ ամերիկյան ավիացիան իրականացրել է В-52 ռազմավարական ռմբակոծիչներով թռիչքներ, որոնք ունակ են կրել միջուկային զենք:
Վերջին շաբաթներին շարունակում է լարված մնալ իրավիճակը Կորեական թերակղզում: Ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ մասշտաբային զորավարժությունների սկսման՝ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած ճանաչեց ուղիղ 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ տրվեց 1950-1953 թվականների Կորեական պատերազմին:
Դրանից հետո ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ստորագրեցին ռազմական նոր արձանագրություն, որն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս միջամտել լոկալ (տեղական) միջադեպերին, մինչդեռ 1953 թվականից գործող ռազմական համաձայնագրով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը պետք է միջամտի միայն խոշորամասշտաբ հակամարտության դեպքում: