
Անդրեյ Արշավինը կարիերան կարող է շարունակել Ադրբեջանում

«Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարիերան կարող է շարունակել Ադրբեջանում։ Այս մասին հաղորդում է Sport1.news.az-ը։
31-ամյա ռուս ֆուտբոլիստին հրավիրելով Ադրբեջան՝ մեր հարևան երկիրը ոչ այնքան փորձում է ուժեղացնել իր ակումբներից որևէ մեկի կազմը, այլ այդ կերպ նրանք ցանկանում են միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրությունը գրավել Ադրբեջանի առաջնության վրա։
Ընդ որում, ադրբեջանական ֆուտբոլի ղեկավարությունը մտադիր է առաջիկա մի քանի տարիների ընթացքում (քանի դեռ նավթը չի վերջացել – խմբ.) լուրջ ներդրումներ կատարել այդ մարզաձևում առաջընթաց ապահովելու համար։ Բացի այդ, նրանք մտադիր են պայքարել նույնիսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու համար և հաջողությամբ հանդես գալ Եվրոպա լիգայում։
Արդարության համար նշենք, որ միջազգային ասպարեզում ակումբային ֆուտբոլի հեղինակությունը բարձրացնելու և հաջողություններ գրանցելու տեսանկյունից Ադրբեջանին հաջողվել է որոշակի ձեռքբերումներ ունենալ՝ հաշվի առնելով «Նեֆթչիի» հայտնվելը Եվրոպա լիգայի խմբային փուլում և նրա վաստակած 3 միավորը, ինչն այս դեպքում (չմոռանանք, որ միևնույն խմբում «Նեֆթչիի հետ էին «Ինտերը», «Ռուբինը», «Պարտիզանը»), ինչ խոսք, կարիելի է ձեռքբերում համարել։
Իսկ ինչ վերաբերում է Արշավինին, ապա հաշվի առնելով ֆուտբոլիստի բնավորության ժամանակ առ ժամանակ դրսևորվող ոչ այնքան դրական կողմերը՝ կարող ենք ասել, որ նրան դուր կգա Ադրբեջանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը