Հացադուլը իշխանությունների համար անկանխատեսելի էր. Ս.Սաֆարյան

Ազատության հրապարակում մեկնարկեց հերթական քաղաքացիական բաց ֆորումի նիստը, որի բանախոսն է Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ «Հայաստանի քաղաքացին ասում է, թե իր համար նշանակություն չունի՝ ո՞վ է շնորհավորել Սերժ Սարգսյանին, և ինչի դիմաց է շնորհավորել»: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ժողովուրդը ասում է, թե «խաղն ավարտված չէ»:

Ս. Սաֆարյան խոսքերով, ստեղծված իրավիճակի շուրջ կան տարբեր գնահատականներ։ Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի՝ վերջին ասուլի ժամանակ հայտնած տեսակետը, թե հացադուլը դուրս դրեց պրոցեսները քաղաքականությունից: Սաֆարյանի խոսքով՝ հացադուլը պարզապես այն քաղաքականությունը չէ, որին սովոր են Հայաստանի իշխանությունները: «Նրանց համար դա  պարզապես անկանխատեսելի էր: Իշխանությանը թվում է, թե այս անգամ էլ իրենց հայտնի մեթոդներով հնարավոր կլինի ընկճել ժողովրդին, հնազանդեցնել: Բայց եթե նրանք մտածում են, որ ժամանակ կարելի է շահել նամակագրություններով, վերաբերմունք չարտահայտել առաջարկությունների վերաբերյալ, պետք է հիշեն, որ կամ Հայաստանը պետք է դուրս բերեն  այս գահավիժումից, կա՛մ տանուլ տան բոլորը»,- մասնավորեցրեց նա:

Սաֆարյանի հավաստմամբ, այն գործընթացները, որոնք ընթանում են Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս, մեր օգտին չեն, և առավել օգտակար չեն Հայաստանի գործող ռեժիմի օգտին. «Այս մարտահրավերների տակից, այո՛, պետք է դուրս գալ համախմբված, բայց Հայաստանի ուժեղացման բանալին ներքաղաքական ճգնաժամի լուծումն է, որը ստեղծվեց ժողովրդի հաթանակը գողանալուց հետո»:

Պաշտոնները, ըստ բանախոսի, միգուցե կարելի է անվանել իշխանության կիսում ինչ-որ քաղաքական ուժերի հետ, բայց ներքաղաքական ճգնաժամի հաղթահարում անվանել այն չի կարելի: Իսկ ճգնաժամը, նրա խոսքով, կհաղթահարվի, նոր ընտրությունների անցկացմամբ: «Ինչպիսի կոսմետիկ լուծումներ էլ տրվի իրավիճակին, չի փոխվի այն քվեն, որը տրվել է ընտրությունների օրը: Ոչ մի ածանցյալ լուծում, հանգուցալուծում, եթե լուծում չի տալու կեղծված ընտրությունների արդյունքին, չի կարող երկարատև լինել ու վերացնել ճգնաժամը»,- պնդեց Ստյոպա Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այսօրվա նամակ-պատասխանին, Ս. Սաֆարյանն ասաց, որ տպավորություն կա, որ «բանակցությունների ձևական կողմերը գործող նախագահի համար ավելի կարևոր են, քան՝ բովանդակային կողմերը, որ նախապայմաններ են առաջադրվել, թե դուրս արի հացադուլից՝ նոր խոսենք»: Բայց, բանախոսի խոսքով, ժողովրդի հետ բանակցություններում նախապայմաններ չպետք է դրվեն, որովհետև հիմնական խնդիրը պետք է կենտրոնանա ճգնաժամից դուրս գալուն:

Նա շեշտեց, որ ստեղծված խնդրին պետք է լուծում մինչև ապրիլ 9-ը. «Oրվա հրամայականն է՝ պարզապես ձեր ներկայությամբ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշումով ամեն օր դուրս գալ, որ թույլ չենք տալու կոտորեն երկիրը, շեղեն իր զարգացման ճանապարհից: Կարծում եմ, միակ ճանապարհը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է»:

Տեսանյութեր

Լրահոս