Ըստ «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ տեղի է ունեցել մահափորձ
«Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է իր առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ մահափորձի մասին:
Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` «մարտի 23-ին, ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ՝ մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքեց հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին: Թիրախին մոտենալու պահին շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսեւորեցին մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակեցին Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող հավանական մարդասպանին»:
«Այսպիսով, մենք մեծապես ցավում ենք, որ ստիպված ենք արտահայտել մեր խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ՝ միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը եւ Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը: Ավելին՝ մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները»,- ասվում է հայտարարության մեջ:
NEWS.am-ի թղթակցի հարցին` արդյոք տեղի ունեցածը քաղաքական պատվե՞ր են համարում, քաղաքական ուժի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Բոլոր հարցերին կպատասխանի քննությունը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»: Հարցին, թե ինչու մահափորձի մասին հաղորդվել է դեպքից երկու օր անց, նա արձագանքեց, որ մամուլի հաղորդագրությունը պատրաստ չի եղել: