Սիրուշոն և երգչուհի Ալեքսանդրա Ստանը կերգեն նույն բեմում
Սիրուշոն և ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանը կերգեն նույն բեմում: Մարտի 30-ին երգչուհիները հանդես կգան համատեղ համերգով: «Նշեմ, որ համերգային ծրագրի առաջարկը եղել է լիբանանցիների կողմից: Մեծ թիմ է աշխատելու Սիրուշոյի հետ: Թեև համերգի նախորդող օրն ենք մեկնելու և չունենք երկար ժամանակ նախապատրաստվելու համար, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ամեն բան շատ լավ կանցնի: Սիրուշոն այստեղ աշխատում է իր երգացանկի վրա: Ընտրվել են բոլոր ժամանակների սիրված երգերը: Իսկ այնտեղ հասնելուն պես հնարավորություն կունենանք միայն շտկելու տեխնիկական խնդիրները, ու, հուսով եմ, նաև վերջնական փորձն անելու ժամանակ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը: Վերջինիս խոսքով, ներկայացվելիք ծրագիրը բազմաժանր է, կա պրոֆեսիոնալ թիմ, որն աշխատում է թե՛ այստեղ, թե՛ Լիբանանում: «Լիբանանում մեզ կմիանա նաև մի պարի խումբ, ով կաշխատի մեզ հետ մեկնած պարողների հետ: Իսկ ինչ վերաբերում է համերգից առաջ հաճախ անցկացվող մամլո ասուլիսներին կամ այլ PR ծրագրերին, ապա մենք այդ ամենի ժամանակը չունենք: Խիստ սահմանափակ են մեր ժամային հնարավորությունները, ուստի աշխատում ենք ժամանակը տրամադրել լավ ներկայանալուն»,- ասաց Ա. Ուդումյանը: Հիշեցնենք, որ Սիրուշոյի լիբանանյան համերգին հաջորդելու է նրա՝ ապրիլի 6-ին Երևանում «Դորիանս» ռոք խմբի հետ համատեղ համերգային ծրագիրը՝ «Միասին մեկ բեմում» խորագրով: