
Գարիբաշվիլին Ստրասբուրգում ստորագրելու է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված փաստաթղթեր

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Ստրասբուրգ, ուր մի շարք հանդիպումներ է անցկացնելու Եվոպայի Խորհրդում:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեհ Սավիցկու, ԵԽ-ի՝ մարդու իրավունքների ու իրավական հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայեի, Թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարի խմբի գործադիր քարտուղար Պատրիկ Պենիկսի հետ:
Այդ հանդիպումներում Գարիբաշվիլին ԵԽ-ի պաշտոնատար անձանց իրազեկելու է Վրաստանի իրավապահ համակարգում կատարված և կատարվելիք բարեփոխումների մասին: Բացի այդ, Գարիբաշվիլին ստորագրելու է մի շարք կարևոր փաստաթղթեր:
Խոսքը գնում է Հանցավոր գործունեությունից ու ահաբեկչության ֆինանսավորումից ստացվող եկամուտների հայտնաբերման, առգրավման ԵԽ-ի կոնվենցիայի, Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին ԵԽ-ի կոնվենցիայի հավելյալ արձանագրության և Քրեական հարցերի շուրջ իրավական փոխօգնության մասին Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հավելյալ արձանագրության ստորագրման մասին:
Վրացական կողմը պարտավորվել է այս փաստաթղթերը ստորագրել ԵՄ-ի հետ գործող վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործողությունների պլանին համապատասխան: