Փանջիկիձեն ու Իվանիշվիլին դեռ չեն պատրաստվում հանդիպել ՌԴ-ի ներկայացուցիչների հետ. Վրաստանի ԱԳՆ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է վրացական ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր են հանդիպումներ ունենալ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
Ջալագանիան ընդգծել է, որ պլանավորված չէ Վրաստանի ու Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև որևէ հանդիպում: Ջալագանիան անդրադարձել է նաև մարտի 26-27-ին Ժնևում կայանալիք բանակցությունների 23-րդ փուլի անցկացմանը՝ հայտարարելով, որ պլանավորված չէ Ժնևյան բանակցային ձևաչափի փոփոխում:
Ջալագանիայի խոսքերով՝ ձևաչափի փոփոխման հարցը բարձրացրել է աբխազական կողմը, սակայն տվյալ ձևաչափում որևէ փոփոխություն չի կատարվի: Ժնևյան բանակցություններն անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերի 15-ից:
Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: