Մոսկվայում Սիրիայի դեսպանատունը հերքել է Բաշար Ասադի սպանվելու մասին տեղեկատվությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում Սիրիայի դեսպանատունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե սպանվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Այդ տեղեկատվությունն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում և մասնավորապես Twitter-ում ու Facebook-ում: Ըստ այդ տեղեկատվության՝ Սիրիայի նախագահը սպանվել է մարտի 23-ին, իր թիկնապահներից մեկի՝ իրանական անվամբ Մեհդի Յակոբիի կողմից:
Դրանից հետո Ասադի դիակը բերվել է Դիարբեքիրի հոսպիտալ, որի շրջակայքն ու մատույցները շրջափակվել են Սիրիայի զինված ուժերի կողմից: Սոցցանցերում գրում են, որ Ասադի մահվան մասին լուրը հաստատում են իսրայելական ու լիբանանյան աղբյուրները:
Մոսկվայում Սիրիայի դեսպանատունը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: