ԵՄ-ն ու Ճապոնիան որոշել են բանակցել համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու Ճապոնիան որոշել են բանակցություններ սկսել տնտեսական գործընկերության խորացման ու երկկողմանի ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ: Այս մասին այսօր հաղորդել են Տոկիոյում եղած աղբյուրները:
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ակնկալվում է երկրի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց կունենա ԵՄ-ի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ:
Վան Ռոմպեյը պետք է անձամբ ժամաներ Տոկիո, սակայն նրա ճապոնական այցը չեղյալ հայտարարվեց Կիպրոսում տիրող բանկային ճգնաժամի պատճառով: Դրա հետ մեկտեղ Տոկիոն ու Բրյուսելը որոշել են չձգձգել տնտեսական խոր գործընկերության շուրջ բանակցությունների սկսումը՝ գտնելով, որ այն չափազանց շահավետ է երկու կողմի համար էլ:
Նախատեսվում է բանակցությունների առաջին փուլը սկսել ապրիլին: Բրյուսելի գնահատմամբ՝ համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծումը կհանգեցնի Ճապոնիա ԵՄ-ի արտահանման 30 տոկոսանոց աճին և հավելյալ 400.000 աշխատատեղի ստեղծմանը: Տոկիոն էլ հուսով է ամրագրել իր դիրքերը ԵՄ-ում, ինչն առաջին հերթին վերաբերում է ավտոմեքենաների ու էլեկտրոնիկայի շուկաներին: