Նեթանյահուն պարզաբանել է Թուրքիայից ներողություն խնդրելու դրդապատճառները

RBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարզաբանել է, թե ինչու է զանգահարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին և ներողություն խնդրել մոտ երեք տարվա (31.05.2010) վաղեմություն ունեցող «Մավի Մարմարայի» միջադեպի համար:

Նեթանյահուն հայտարարել է, որ այդ միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրել իրենց հարկադրել են քաղաքական հանգամանքները: Նա ընդգծել է, որ Թել Ավիվն ու Անկարան կարիք ունեն մերձեցման՝ սիրիական շարունակվող հակամարտության ֆոնին:

Բենիամին Նեթանյահուի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Յակով Ամիդորի խոսքերով՝ Թուրքիայի հետ մերձենալու համար ընտրվել է շատ հարմարավետ ժամանակ. «Մեր և Թուրքիայի միջև գտնվում է քիմիական զենքով փլուզվող երկիր (Սիրիա)»:

Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը կտրուկ դատապարտել է Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելը՝ ընդգծելով, որ նմանատիպ ներողությունը խաթարում է իսրայելցի զինվորականների գործելու դրդապատճառները, ամրապնդում է ծայրահեղականների դիրքերը, վնաս է պատճառում ահաբեկչության դեմ անզիջում պայքարին, ազգային արժանապատվությանը և խաթարում է Իսրայելի դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում ու միջազգային արենայում:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել է Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելը:

Տեսանյութեր

Լրահոս