Թուրքիայի դեսպանն Իսրայել կվերադառնա միայն Գազայի հատվածի շրջափակման վերացումից հետո. Էրդողան
Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ, ելույթ ունենալով իր կուսակիցների առջև, հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջովին վերականգնումը նրա կողմից ներողություն խնդրելուց հետո տեղի չի ունենա շուտափույթ.
«Հարաբերությունների վերականգնումը տեղի կունենա միայն թուրքական բոլոր պահանջների կատարումից հետո: Խոսքը գնում է երեք կետի մասին. «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ թուրք քաղաքացիների սպանվելու համար ներողության խնդրում, զոհվածների հարազատներին փոխհատուցման վճարում և Գազայի հատվածի շրջափակման վերացում:
Առանց այս երեք կետի իրագործման, հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել»:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և ներողություն է խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ: Իսրայելական կողմը պատրաստ է նաև փոխհատուցում վճարել այդ միջադեպի հետևանքով տուժած թուրքերի ընտանիքներին: Միևնույն ժամանակ Իսրայելը չի պատրաստվում վերացնել Գազայի հատվածի շրջափակումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարում էր, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրելը կնշանակի հանձնվել ահաբեկչությանը։
Ի դեպ, 2011 թվականի օգոստոսին Իսրայելի փոխվարչապետ Մոշե Այալոնը հայտարարեց, որ եթե իրենք «Մավի Մարմարա»-ի համար ներողություն խնդրեն Թուրքիայից, ապա դրանից հետո Էրդողանը կդառնա Կենտրոնական Արևելքի առաջնորդը և անգամ դրանից հետո ձեռք չի քաշի իրենցից: