Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին «իքս»-ով կպատասխանի. Կոտայքի մարզպետ
Հայաստանի մարզպետները չեն ցանկանում անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-առաջարկին, որտեղ կետերից մեկով նշվում է առնվազն հինգ մարզպետների աշխատանքից ազատելու և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակելու մասին, հաղորդու է news.am կայքը:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կարծիքով` նախագահն այդ «անտրամաբանական» առաջարկությունը չի ընդունի: «Նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին «իքս»-ով կպատասխանի, բայց ինչի՞ պետք է Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական առաջարկությունն ընդունվի»,-ասել է նա:
Հարցին, թե եթե ամեն դեպքում նախագահն ընդունի այդ առաջարկությունները, պատրա՞ստ եք ձեր պաշտոնից հրաժարվել հանուն իշխանության և ընդդիմության հաշտության, նա պատասխանեց, որ չի ցանկանում եթե-ներով խոսել: Կոտայքի մարզպետն պատասխանել է, որ մարզպետների հարց ՀՀԿ-ում չի քննարկվել: Ինչ վերաբերում է իր հնարավոր պաշտոնանկությանը, նա նշել է, որ 12 տարի է այդ մասին գրվում է, բայց ինքը դեռ պաշտոնավարում է:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խոսքով` Սերժ Սարգսյանն այնպես կպատասխանի, ինչպես մինչև հիմա է պատասխանել: «Րաֆֆի Հովհաննիսյանը թող իր ընդդիմության գործերով զբաղվի, պաշտոններ հանել, նշանակելու հետ կապ չունի»,- նշել է նա: Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը վիրահատվել է, այժմ ապաքինման փուլում է: Ի պատասխան հարցին, թե պատրա՞ստ եք ձեր պաշտոնից հրաժարվել, նա «ցիտել» է պապիկին` ասելով, թե «եթե կաչաղակի ցանկությունով լինի, ամեն օր ձյուն կգա»:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ նշել է, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցերին և իրեն դիմենք միայն իրենց մարզի հետ կապված հարցերով:
Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկի մասին հարցը բարկացրել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Վերջինս, չցանկանալով պատասխանել հարցին, նշել է, թե «անորոշ հարցեր մի տվեք»: «Ես շատ գիտեմ` ով ինչ նամակ է գրել, ինչի է գրել, ով ոնց կպատասխանի: Զանգում եք մարզպետին, գործից կտրում եք, մարդիկ հազար ու մի խնդիր ունեն, գործ ունեն, ուրիշ բան, եթե ունեք ինչ-որ ծրագիր, կգաք, կներկայանաք, մարզում ինչ աշխատանքներ են կատարվել, սիրով, նստենք, քննարկենք, լսենք, պատասխանենք ձեզ: Անորոշ հարցեր եք տալիս, բա ի՞նչ պետք է պատասխանի մարզպետը»,- ասել է Սարգիս Սահակյանը:
Հարցին, թե կգնա՞ք զոհողության և կթողնե՞ք ձեր պաշտոնը` այդպիսով ելք առաջարկելով ստեղծված իրավիճակից, նա պատասխանել է, որ գրավոր ուղարկենք հարցերը, կպատասխանի, քանի որ ինքը չգիտի, թե ով է իր հետ խոսում: Դիտարկմանը, թե սկզբից ներկայացել ենք և ինքը կարող է զանգել խմբագրություն ու ճշտել, նա հակադարձել է, թե դրա համար ժամանակ չունի: