«Չընտրված նախագահին ասում են՝ հեռացիր»

Հանարահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջների վերաբերյալ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը galatv.am-ի հետ զրույցում նշել է. «Ես չեմ կարծում, որ արդյունավետ կլինի չընտրված, իշխանությունը զավթած նախագահի հետ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը չի ընտրվել, իսկ չընտրված նախագահին ասում են՝ հեռացիր, սկզբում Րաֆֆին նշում էր 80 տոկոս և, ճիշտ էր ասում, բոլորիս համար էլ պարզ է, որ նա հաղթել է և այս պարագայում, կարծում եմ, նա պետք է մաքսիմալ կերպով ներկայացներ իր պահանջը, այն է` Սերժ Սարգսյանը պետք է լքի Բաղրամյան 26-ը»:

ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով՝ ավելի ճիշտ որոշում կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանար ամբողջովին մոբիլիզացնելով իրեն ընտրողներին ու համակարգից դժգոհներին, մեծացներ ճնշումը «Բաղրամյան 26-ը զավթածներին» այնտեղից հեռացնելու համար. «Չընտրված նախագահին քաղաքացիների պայքարի հիման վրա հեռացնում են գրաված դիրքերից, իսկ այդ դիրքերը նախագահի աթոռն է, ուղղակի նրան պետք է հեռացնել իր բռնազավթած պաշտոնից արդեն որերորդ անգամ»:

Զոյա Թադևոսյանը նշել է, որ հնարավոր է խոսեն հեղափոխության մասին և դրա բացասական հետևանքների, սակայն շեշտեց, որ չի կարող հեղափոխություն լինել այն պարագայում, երբ ամբողջ հասարակությունն է դեմ քվեարկել, ինչը հստակ է և անգամ մեկնաբանությունների կարիք չկա, թե ինչ քանակով ու ծավալով ընտրախախտումներ են եղել: Այս առումով, մեր զրուցակիցը նշեց, որ մինչև այժմ պատասխան չունեն ԿԸՀ-ի կայքի խափանման ու նմանատիպ բազմաթիվ այլ հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս