Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնական առաջարկն ուղարկվել է նախագահական նստավայր
Ազատության հրապարակում մարտի 22-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց, իր իսկ բնորոշմամբ, ժողովրդին ընդառաջ գնալու և համատեղ կերպով Նոր Հայաստան կերտելու գործում «իշխանությունների վերջին հնարավորությունը»` նոր նախագահական ընտրությունների շուտափույթ անցկացում կամ ժողովրդի և դե ֆակտո իշխանությունների միջև իշխանությունը կիսելուն միտված համապարփակ համաձայնության հաստատումը:
«Եկել է փոփոխության ժամանակը»,- իր ելույթում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Կամ իշխանությունները կփոխեն իրենց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, կամ ժողովուրդը ոտքի կկանգնի՝ մեկընդմիշտ փոխելու իր իշխանություններին: Այսպես թե այնպես, ապրիլի 9-ին մենք կունենանք Նոր Հայաստան»:
Ստորև ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած և նախագահական նստավայր ուղարկած փաստաթուղթը.
«Ա) ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
ԿԱՄ
Բ) ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այս տարվա ընթացքում: Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում.
Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում.
Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները.
Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության.
Կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված անձանց.
ա/ ՀՀ դատախազություն
բ/ Հարկային և մաքսային պետական ծառայություն
գ/ Ազգային անվտանգության ծառայություն
դ/ Արտգործնախարարություն
ե/ Կրթության և գիտության նախարարություն
զ/ ԱԺ վերահսկիչ պալատ
է/ Արդարադատության խորհուրդ
ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով
Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»: