Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնական առաջարկը (լուսանկարներ)
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում ելույթ ունենալով տասնյակ հազարավոր քաղաքացիների առջև, ներկայացրեց իր խոսքով՝ «իշխանությունների վերջին հնարավորությունը» ժողովրդին ընդառաջ գնալու և համատեղ կերպով Նոր Հայաստան կերտելու գործում:
Փաստաթուղթը բարձրաձայն հրապարակվելուց հետո ուղարկվեց նախագահական նստավայր: Այն առնչվում էր հետևյալ երկու հնարավորություններին.
1) նոր նախագահական ընտրությունների շուտափույթ անցկացում կամ
2) ժողովրդի և դե ֆակտո իշխանությունների միջև իշխանությունը կիսելուն միտված համապարփակ համաձայնության հաստատում:
«Եկել է փոփոխության ժամանակը»,- դիմելով հավաքվածներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Կամ իշխանությունները կփոխեն իրենց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, կամ ժողովուրդը ոտքի կկանգնի՝ մեկընդմիշտ փոխելու իր իշխանություններին: Այսպես թե այնպես, ապրիլի 9-ին մենք կունենանք Նոր Հայաստան»:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ նրա թիկունքին կանգնած էին ծնողները՝ Ռիչարդը և Վարդիթերը, ինչպեսև դուստրը՝ Շուշին: Հարթակում նրանց միացան հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, մտավորականներ եւ ազատամարտիկներ:
«Այսօր ես հրաման եմ տալիս իմ զինվորներին»,- հայտարարեց Արցախի ազատագրության համար հաղթական պայքար ծավալած Շատախ գումարտակի հրամանատար Սամվել Ասլանյանը: «Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր երդվել են պաշտպանել հայ ժողովրդին, հիմա գալ այստեղ՝ Ազատության հրապարակ, եւ կանգնել պայքարի ելած եւ իր հաղթանակը տոնելու եկած հայ ժողովրդի կողքին», – կոչով հանդես եկավ Ասլանյանը:
Օրվա առաջին կեսին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից պատվիրակված Տ. Եզնիկ արքեպիսկոպոսին եւ Տ. Արտակ արքեպիսկոպոսին, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին ու նրա տիկնոջը՝ Լիբբիին:
Ստորև կարող եք ծանոթանալ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած փաստաթղթին ամբողջությամբ.
Ա) ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
ԿԱՄ
Բ) ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
1. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այս տարվա ընթացքում: Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում:
2. Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում.
3. Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները.
4. Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության.
5. Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված անձանց.
ա/ ՀՀ դատախազություն
բ/ Հարկային և մաքսային պետական ծառայություն
գ/ Ազգային անվտանգության ծառայություն
դ/ Արտգործնախարարություն
ե/ Կրթության և գիտության նախարարություն
զ/ ԱԺ վերահսկիչ պալատ
է/ Արդարադատության խորհուրդ
ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով
Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
22.03.13
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ