Տիգրան Խզմալյան. Ծաղրածուի դերը մեզ վրա չենք ուզում վերցնել

«Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարան» նախաձեռնության ոչ մի անդամ ընդգրկված  չէ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող  «Բարև Երևան» նախընտրական դաշինքում:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով ընդգրկված է վերոհիշյալ երկու նախաձեռնություններում, բնական համարեց իրենց բացակայությունը «Ժառանգության» ցուցակում:

«Որևէ ընտրությանը մասնակցելը՝ պետական հեղաշրջումից հետո, իմ կարծիքով, բավական տարօրինակ է: Մենք կզարմանայինք, եթե մենք լինեինք այդ ցուցակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը: Նա նշեց, որ «Ժառանգության» առաջնորդը քաջատեղյակ է իրենց դիրքորոշման մասին, ուստի իրենց «Բարև, Երևան» ցուցակում ընդրգրկվելու առաջարկ չի արվել:

Այն հարցին, թե բացառո՞ւմ եք, որ «Բարև, Երևանը» մայիսի 5-ին կարող է հասնել հաջողության և մեծամասնություն ստանալ Երևանի ավագանու կազմում, Տիգրան Խզմալյանը հիշեցրեց, որ նախագահական «ընտրություն» կոչված միջոցառումն ավարտվել է խայտառակ կեղծիքներով:

Կարդացեք նաև

«Մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ հերթական  չընտրությունները կունենան այլ արդյունք: Բնականաբար, փոփոխություն չի կարող լինել այն պայմաններում, երբ նույն գողերն ու ավազակները, ովքեր թվեր են նկարել այս տարիների ընթացքում, երկու ամիս անց նորից թվեր պետք է նկարեն: Ի՞նչ է փոխվել, ի՞նչը պետք է ստիպի նրանց քաղաքական ինքնասպանություն գործել և հանկարծ իշխանությունը բարի կամքով զիջել: Ես նման պատրանքներ չունեմ»,- նկատեց  Տիգրան Խզմալյանը:

Հարցին, թե՝ «Ժառանգությունը» պատրանքների մե՞ջ է ընկել, Տիգրան Խզմալյանը պատասխանեց.

«Ես չեմ ուզում մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության կամ «ՀԱԿ» կուսակցության, կամ ՀՅԴ-ի գործելաոճը: Ինչ վերաբերում է «Ժառանգությունը»՝ ես կուզեի հիշեցնել իմ ընկերներին, որ իրենց իսկ հաշվարկներով, նախորդ տարիներին իրենք խորհրդարանում 250-260 առաջարկ են  արել, որից ընդունվել է 0-ն: Նման պայմաններում մասնակցել հերթական խեղկատակությանը… ծաղրածուի դերը մեզ վրա չենք ուզում վերցնել»,- նշեց «Սարդարապատի» ներկայացուցիչը:

Նա նշեց, որ իրենք ստեղծված իրավիճակում միակ ելքը համարում են այլընտրանաքային ընտրությունների կազմակերպումը:

«Այլընտրանքային իշխանության ձևավորումը լինելու է այլընտրանքային ընտրությունների, կամ եթե կցանկանաք, ժողովրդական ընտրությունների միջոցով»,- նշեց կինոռեժիսորը:

Տեսանյութեր

Լրահոս