«Հարսնաքարի» մատուցող. Հարվածել եմ Վահեին, որովհետև նա հայհոհել է ինձ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը։

Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց, որպեսզի ամբաստանյալ Դավիթ Ադամյանը ցուցմունքներ տա մյուս ամբաստանյալների բացակայության պայմաններում։ Տիգրան Եգորյանն իր միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, թե մյուս ամբաստանյալների ներկայությամբ Դավիթ Ադամյանը կարող է կաշկանդված լինել։

Պաշտպանական կողմը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դրա բավարարման դեպքում կխախտվի օբյեկտիվ քննության իրավունքը։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց միջնորդությունը: Նրա խոսքով՝ օրենքով նախատեսվում է, որ ամբաստանյալի հարցաքննությունը կարող է արվել մյուսների բացակայությամբ, բացառիկ դեպքերում, սակայն այս դեպքում նման բացառիկ դեպք չկա։

Նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանը։ Նա պատմեց, որ չորս տարի որպես մատուցող աշխատել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ Նրա խոսքով՝ դեպքի օրը ինքը գտնվել է համալիրում և որոշ ժամանակ սպասարկել է Վահե Ավետյանի և նրա ընկերների սեղանը։

Մատուցողը պատմեց, որ դեպքի օրը ինքը հարվածել է Վահե Ավետյանին, քանի որ վերջինս հայհոյել է իրեն։ Դատական նիստի ընթացքում մեղադրյալը ներկայացրեց դեպքի մանրամասները, սակայն հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին։
Ամբաստանյալի ամբողջական ցուցմունքը կներկայացնենք առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս