Սիրուշոյի հետ համերգը կխանգարի՞ «Դորիանս»-ի եվրատեսիլյան ելույթին
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի PR-ով մասնագետները զբաղվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի մամլո խոսնակ Դինա Հովհաննիսյանը:
Մինչդեռ հեռուստատեսության ոլորտի շատ մասնագետներ և շոու-բիզնեսի անցուդարձին տեղյակ անձինք այն կարծիքին են, որ խումբը մրցույթի ժամանակ լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ Նման հոռետեսության պատճառը խմբի և Սիրուշոյի գալիք համերգն է և այն փաստը, որ «Lonely Planet» երգը համացանցում, ի տարբերություն այլ երկրների մասնակիցների կատարումների, քիչ դիտումներ է հավաքել: Մասնավորապես, Սիրուշոյի հետ ապրիլի 6-ին նախատեսված համերգը, ըստ մասնագետների, ավելորդ լարվածություն կստեղծի Գոռ Սուջյանի և խմբի համար, և այն ժամանակը, որ պետք է ծախսվի համերգին նախապատրաստվելու համար, առավել նպատակային կլիներ ծախսել դրսի հանդիսատեսին ներկայանալու համար:
Դ.Հովհաննիսյանը, սակայն, չի կիսում այդ տեսակետը։ Նա համոզված է, որ համերգը եթե չօգնի, ուրեմն հաստատ չի խանգարի եվրատեսիլյան ելույթին: «Սա շատ լավ հնարավորություն է «Դորիանսի» համար՝ ելույթ ունենալ կենդանի հնչողությամբ, մեծ բեմում, ու այդ տեսանկյունից էլ փորձ ձեռք բերել: Իսկ ինչ վերաբերում է փորձերին, ապա կրկին ասեմ, որ համերգին նախապատրաստվելը չի խոչընդոտում «Դորիանսի» եվրատեսիլյան փորձերին. խումբը բնականոն հունով շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները: Այն թիմը, որն աշխատում է «Դորիանսի» հետ, ունի հստակ PR ծրագիր և հենց այդ ծրագրով էլ շարժվում է: Եթե մարդիկ հետևեն «Դորիանսի» ֆեյսբուքյան պաշտոնական էջին, ապա կտեսնեն, թե ինչ ակտիվությամբ են արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանում մեր ներկայացուցչին, իսկ տեղի լրատվամիջոցների մասին էլ չեմ խոսում»,- ասաց Դ. Հովհաննիսյանը: Վերջինս հավաստեց, որ խմբի լավ PR ծրագիրն ապահովված է, և այդ հարցում խումբը որևէ խնդիր չի ունենա: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ YouTube պաշտոնական էջում երգը դիտումների բավական ցածր ցուցանիշ ունի, պատասխանեց. «Տեխնիկական խնդիրների պատճառով, երգը YouTube-ի պաշտոնական ալիքից երկու անգամ հանվել է: Վերջին տարբերակը օրերս է ներբեռնվել և ներբեռնումից մի քանի ժամ հետո, այն այդ ժամանակահատվածի համար արդեն իսկ հասցրել էր բավական մեծ թվով դիտում ապահովել»,- ասաց Դ. Հովհաննիսյանը: