Գալուստ Սահակյանը` ԲՀԿ-ի «խլուրդի» մասին

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադառնալով երիտասարդ հանրապետականների կողմից ԲՀԿ հասցեին հնչող վիրավորանքներին՝ ասաց. «Նախ ասեմ՝ Հանրապետականի կողմից պարզապես հակադարձվում է, տեղիք չի տրվում: Բայց եթե տարբեր առվակներից ընդունված որևէ երիտասարդ՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց» երևույթով, հենց էդ եմ ասում, տեսակի պակասություն է արտահայտված, արդեն ձև է դարձել, անհեթեթությունն արդեն փոխարինվել է սննդի քաղաքականության…»,- ասաց Գ. Սահակյանը՝ նման  քաղաքականությունը որակելով որպես «խլուրդային քաղաքականություն»:

«Հնչում են տարբեր բառեր, ոչ բարոյական բառեր, և ես դա համարում եմ խլուրդային մոտեցում: Ինչի՞, որովհետև խլուրդի վրա ինչքան արև ես փորձում ներարկես, դաժան է, որովհետև նրան խոնավությունն է հետաքրքրում, որ երբ խոնավությունն էլ չափից ավելի է՝ փտախտ է տեղի ունենում, բայց արդեն հասարակությունը սկսում է  զզվել էդ հոտից: Դրա համար խլուրդների հետ պիտի ընդհանրապես չփորձես բանավեճի մեջ մտնես»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ինքը չի կարծում, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է,  ով անձամբ չի կարող ուղիղ բան ասել, «այլ կարող է ինչ-որ ներարկումներ անել»:

«Պարզապես երբ քաղաքական պրոյեկտներ են լինում, նրանք, ովքեր պիտի արձագանքեն դրանց, պիտի նախ միտք ունենան և տհասության աստիճանի չփորձեն նաև վարկաբեկել հենց պարոն Ծառուկյանին և ԲՀԿ-ին»,- նշեց Գ. Սահակյանը՝ ավելացնելով, թե նման ոճով խոսող մարդկանց ինքն արժանապատիվ չի համարում պատասխանելը:

Տեսանյութեր

Լրահոս