Սկսել է հավատալ Րաֆֆիին
Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայրը, «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, ևս ընդգրկված է «Բարև, Երևան» նախընտրական դաշինքում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առաջարկն իրեն արվել է՝ իբրև ճարտարապետ-քաղաքաշինարարի, ինքն էլ համաձայնել է, քանի որ Երևանում ծայրահեղ իրավիճակ է:
Գագիկ Սուխուդյանի՝ ցուցակում հայտնվելը զարմանալի էր այնքանով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ 168.am-ին տված հարցազրույցում նա ասել էր, թե չի տեսնում նախագահի մի թեկնածուի, ով մտահոգ է երկրի կարևորագույն բնապահպանական խնդիրներով, հետևաբար՝ ինքը որևէ մեկին չի սատարի: Պարոն Սուխուդյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչը փոխեց նրա վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, որ համաձայնեց ընդգրկվել նրա ղեկավարած կուսակցության նախընտրական դաշինքում:
«Ինձ թվում է՝ նա փոխվել է, հասկացել է՝ ազգի համար ինչը նշանակություն ունի: Նրա այցերը մարզեր ճիշտ քայլ եմ համարում: Չեմ ուզում խորանալ հացադուլի մեջ, բայց երևում է, որ իրոք մտահոգված է հայրենիքի ճակատագրով»,- ասաց Գագիկ Սուխուդյանը: Նա ասաց, որ հաճախ չի լինում Ազատության հրապարակում, սակայն ժամանակ ունենալու դեպքում այցելում է Րաֆֆի Հովհաննիսյանին:
Քանի որ նրա անունն ընդգրկված է դաշինքի 60-րդ հորիզոնականում, հետևաբար՝ իրատեսական չէ մտածել, որ հնարավորություն կունենա դրսևորվել՝ իբրև Երևանի ավագանի (Երևանի ավագանիների ընդհանուր թիվը 65 է.- Ա.Փ.):
Գագիկ Սուխուդյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ նրա անունը ցուցակը տպավորիչ դարձնելու համար է գրված: «Չեմ կարծում, որ իմ ազգանունը տպավորիչ է և կարող է ազդեցիկ դարձնել ցուցակը»,- ասաց Գագիկ Սուխուդյանը: Նա նշեց, որ պարտադիր չէ դառնալ ավագանի, որպեսզի խորհուրդներով, իր խոսքերով, այլընտրանքային առաջարկներով օգտակար լինի հայրենի քաղաքին: Փաստորեն, այդ դեպքում Գագիկ Սուխուդյանի առաջարկները միջնորդավորված՝ «Ժառանգության» մյուս ավագանիների միջոցով պետք է հասնեն Երևանի քաղաքապետարան:
Ինչ վերաբերում է այն մտայնությանը, թե Գագիկ Սուխուդյանի գործունեությունն ուղղված պետք է լինի միայն բնապահպանությանը, «Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը պատասխանեց, որ բնապահպանությունը մասնագիտություն չէ, այլ կրոն, հավատք: