«Յուրաքանչյուրը պետք է վերմակն իր մարմնով մեկ մեկնի, թե չէ, ոտքերդ կարող է մրսի». Շարմազանովը՝ Ուրիխանյանին (տեսանյութ)
ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այս օրերին ԲՀԿ պատգամավորներ – վարչապետ հեռակա «փոխհրաձգության» կապակցությամբ «հակառակ կողմից» հնչող հայտարարություններին։ Հայտարությունում մասնավորապես ասված էր.
«Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռեկտ հարցադրումներին ո՛չ կառավորությունը, և ո՛չ էլ վարչապետն անձամբ, չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել»:
Այս դիտարկմանն անդրադռնալով՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Ես, ինչքան որ տեղյակ եմ, մեր կուսակցության ներկայացուցիչները հստակ պատասխան տվել են պլենդուսից ցածր մակարդակ ունեցող պատասխանին, որը կոռեկտ չի, և կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է վերմակն իր, ոնց որ ժողովուրդն է ասում, իր մարմնով մեկ մեկնի, թե չէ, որ վերմակը կարճ է, քաշում ես վերև և ոտքերդ կարող է մրսի: Եվ երկրորդ՝ չափի սահմանը գեղեցկացնում է մարդուն: Հաճախակի կուռքեր փոխող, նորաթուխ պառլամենտականին կխնդրեի և կհորդորեի, որ ընտրությունները անցնելու են, բայց մարդ պետք է ընենց չանի, որ ամաչի: Եթե գողեր ու ավազակներ է փնտրում, մի հատ թող իր շրջապատում նայի՝ ավելի ցայտուն կերևան»,- նշել է Շարմազանովը: