ԵՄ-ը ողջունել է Օջալանի պատմական կոչը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և ԵՄ-ի ընդլայնման ու եվրոպական հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել են քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատմական խաղաղասիրական կոչը:
Հիշեցնենք, որ Օջալանը երեկ PKK-ի մարտիկներին հրահանգել է հանուն նոր Թուրքիայի քաշվել Հյուսիսային Իրաք և այսուհետ միայն ժողովրդավարական ու քաղաքական պայքար ծավալել:
Էշթոնն ու Ֆյուլեն հայտարարել են. «Դա հանդիսանում է ևս մեկ կարևոր քայլ առաջ՝ հակամարտության կարգավորման ճանապարհին, որը խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր: Մենք անհամբերությամբ ենք սպասում հետագա կոնկրետ քայլերին»:
Օջալանի ձերբակալության պայմաններում PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանն իր հերթին հայտարարել է, որ իրենք անսալու են Օջալանի կոչին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ իրենք խոչընդոտներ չեն հարուցելու և ռազմական գործողություններ չեն վարելու, եթե PKK մարտիկները որոշեն լքեն Թուրքիայի տարածքը: