«Ես, որպես ապարանցի Խաչատրյան Լյովա, այցելել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին»

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության է գնացել ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Վերջինս նախ հանդիպել է «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին:

«Այցելել եմ նախ առաջին հերթին իմ ընկերոջը՝ Արմեն Մարտիրոսյանին, իմ կոլեգային, որի հետ երկար տարիներ պատգամավոր եմ աշխատել: Ես, որպես Խաչատրյան Լյովա, ապարանցի Լյովա, այցելել եմ հայ մարդկանց»,- ասել է ԲՀԿ անդամը՝ պատասխանելով հարցին, թե որպես քաղաքական թիմի ներկայացուցի՞չ է այցելել, թե՞ որպես շարքային քաղաքացի:

Նա նշել է, որ դեռևս չի հաջողվել իրեն հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ վերջինս մարդկանցով է շրջապատված: Նշենք, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր Ազատության հրապարակի հարթակին նստած տարբեր երգեր են կատարում: ԱԺ պատգամավորը հայտնել է, որ եկել է առողջություն մաղթելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հարցին, թե արդյոք իր այցը համաձայնեցվա՞ծ է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, Լյովա Խաչատրյանը տվել է հետևյալ պատասխանը. «Բացարձակ նման խնդիր չկա դրված կուսակցության նախագահի կողմից՝ ինչ կարելի է, ինչ չի կարելի, կամ այցելել, չայցելել: Ես համենայնդեպս նման խնդիր չեմ տեսնում, ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես Մարտիրոսյան Արմենի ընկեր, այցելել եմ իմ ընկերոջը և հայ մարդ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Հարցին, թե եթե հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին, հորդորելո՞ւ է նրան դադարեցնել հացադուլը, ԲՀԿ-ական պատգամավորը ասել է՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս