Գագիկ Բեգլարյանի եղբորը նկարում էին «МИР ЖИВОТНЫХ»-ի համա՞ր
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է փետրվարի 18-ին Մետաքս թաղամասում լրագրողների վրա հարձակման, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստով հարուցված քրեական գործը` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Այս մասին հաղորդում է hraparak.am կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի երեկոյան Մետաքս թաղամասում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն ու իր թայֆայի այլ ներկայացուցիչներ «Հրապարակ» և «Ժամանակ» օրաթերթերի լրագրողներին անպարկեշտ խոսքերով արգելել են մուտք գործել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ, ինչի մասին կա համապատասխան տեսանյութ ու ձայնագրություն, որոնք սակայն հիմք չեն հանդիսացել նրանց հովանավորող քննչական մարմնում: Մինչդեռ լրագրողների մասնագիտական գործունեությունը քրեորեն պատժելի արարք է:
Ակնհայտ է, որ այս վարքը խրախուսվում է Սերժ Սարգսյանի կողմից, ով Բեգլարյանների նմանատիպ աջակցության ռեսուրսը գործի կդնի նաև առաջիկա ընտրություններին: Նկատենք, որ Հակոբ Բեգլարյանը, ով նախկինում պետգնումների գործակալության պետն էր և պաշտոնանկ եղավ յուրացումների ու չարաշահումների բացահայտման պատճառով, ՀՔԾ-ում առերեսման ժամանակ հանդես է եկել ուշագրավ ինքնախոստովանությամբ: Նա պնդել է, թե լրագրողները իրեն նկարելու փորձ են արել ու երբ ինքը հարցրել է`ինչու եք նկարում, պատասխանել են «МИР ЖИВОТНЫХ» հաղորդման համար: Բեգլարյանն, իհարկե, չի մանրամսսնել, թե այդ տեսանյութը կենդանիների հաղորդման ժամանակ ինչ ֆորմատով էր ցուցադրվելու, միայն արդարացել է, թե նման պատասխան է ստացել, ինչն իհարկե հորինվածք է (ընդ որում հանճարեղ) քննչական մարնում արդարանալու համար: