Բաժիններ՝

Սուրենյանցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր դարձյալ չէր ներկայացել իր գործով դատավարությանը, որը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Մեղադրող Հայկ Մարտիրոսյանը միջնորդեց Ս. Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրած ստորագրությունը չհեռանալու մասին փոփոխել կալանքի: Սակայն դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով Ս. Սուրենյանցի նկատմամբ միայն հետախուզում հայտարարեց:

Հիշեցնենք, որ դատարանը նախկինում կայացրել էր Սուրենյանցին բերման ենթարկելու որոշում, սակայն նախորդ դատական նիստում՝ մարտի 15-ին ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր դատարանին, որ չգիտեն նրա բնակության վայրը, ուստիև չեն կարողացել բերման ենթարկել նրան։  Այդուհանդերձ, նախորդ նիստում դատարանը ձեռնպահ մնաց Սուրեն Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելուց, քանի որ վերջինիս փաստաբան Կարապետ Գալստյանը դատարանին խոստացավ հաջորդ դատական նիստին ապահովել նրա ներկայությունը: Իսկ թե ինչու պաշտպանը չէր կատարել իր խոստումը փաստաբանը դժվարացավ պատճառաբանել։ Ավելին, պարզվեց, որ քաղաքագետը խոստացել էր փաստաբանին ներկայանալ, սակայն չէր ներկայացել։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 28-ին:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս